Բացահայտվել է Ստրադիվարիուսի ջութակների յուրահատուկ հնչողության գաղտնիքը
Գիտնականները բացահայտել են Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակների յուրօրինակ հնչողության գաղտնիքը: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը: Հետազոտությանը մասնակցել է բիոքիմիկոս և ջութակագործ Ջոզեֆ Նագիվարին, ով առաջինն էր պնդել, որ Ստրադիվարիուսի ընտանիքի ջութակների որակը քիմիական ծագում ունի: Նրա վարկածը հաստատվել է:
Ինչպես պարզել են գիտնականները, գործիքները մակաբույծներից պաշտպանելու համար ջութակների համար նախատեսված փայտը մշակել են պաղլեղներով, բորաքսով, պղնձով, կրաջրով (կալցիումի հիդրօքսիդի լուծույթ) և ցինկով:
Քիմիական մշակումն օգտագործվել է նաև ժամանակի մեկ այլ կրեմոնյան ջութակագործի՝ Ջուզեպպե Գուարներիի կողմից։
«Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Ստրադիվարիուսը և Գուարներին փայտի մշակման իրենց հատուկ մեթոդն ունեին, որին նրանք, ամենայն հավանականությամբ, մեծ նշանակություն էին տալիս: Նրանք, հավանաբար, հասկացել են, որ իրենց օգտագործած հատուկ աղերը փայտին տալիս են լրացուցիչ մեխանիկական ուժ և ակուստիկ առավելություններ: Նրանք գաղտնի էին պահում իրենց մեթոդները: Այն ժամանակ դեռ արտոնագրեր չկային», – ասում է Նագիվարին:
Նա ընդգծել է, որ այս հարցն ամբողջությամբ հասկանալու համար ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ: