ՀՀ Անկախության 22-ամյակին եւ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված տոնական միջոցառում Մադրիդում
Հոկտեմբերի 14-ին Մադրիդի Բժշկության Թագավորական Ակադեմիայի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-ամյակին եւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված տոնական մեծ հանդես: Միջոցառմանը ներկա գտնվեցին Իսպանիայի Թագավորության օրենսդիր եւ գործադիր իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, իսպանացի դիվանագետներ, օտարերկրյա դեսպաններ, կուսակցական գործիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանի բացման խոսքին հետեւեց դասական երաժշտության համերգը: Միջազգային մրցանակների դափնեկիր, դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանի, Իսպանիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Լեւոն Մելիքյանի եւ նույն նվագախմբի մենակատար Գուստավո Դուարտեի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի եւ Ֆերենց Լիստի ստեղծագործությունները:
Միջոցառման վերջում տրվեց պաշտոնական ընդունելություն' հայկական ուտեստների մատուցմամբ: