Ալեքս Ֆերգյուսոնը նպաստել է Ռոնալդուի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեծ դերակատարում է ունեցել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Թուրինի «Յուվենտուսից» անգլիական ակումբ տեղափոխության հարցում:
Sky Sports-ի համաձայն՝ շոտլանդացի մասնագետը զանգել է 36-ամյա ֆուտբոլիստին և համոզել վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ֆերգյուսոնի գլխավորությամբ Ռոնալդուն մանչեսթերյան ակումբում խաղացել է 2003-2009-ը:
Manchester Evening News-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի հարձակվողին պայմանագիր է առաջարկել Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրուցելուց հետո:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009-ին «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 292 հանդիպում և դարձել 118 գոլի հեղինակ: Նա նաև հասցրել է 4 տարի խաղալ մանչեսթերցիների 48-ամյա գլխավոր մարզիչն Ուլե-Գունար Սուլշերի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պորտուգալացին դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։
Ռոնալդուն 2018-ի ամռանն էր միացել «Յուվենտուսին», որի կազմում երկուական անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի կոչումները, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթը։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003) և Մադրիդի «Ռեալում» (2009-2018):