ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անվանափոխելու և Արցախի հարցը ներառելու առաջարկը հանվեց շրջանառությունից՝ հետագայում քննարկելու պայմանով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել էր Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել, սակայն այն մերժվեց։ Եվ «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը հանդես էր եկել առաջարկով՝ վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը և կոչել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»:
Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել։ Համաձայն նախագծի՝ ԱԺ 12 հանձնաժողովների գործունեության ոլորտներում որևէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ՀՀ ԱԺ դերակատարման, Հայաստանի Հանրապետության և Արցախի հետ հարաբերությունների զարգացման, հայկական 2 հանրապետությունների միջև օրենսդրության մոտարկման և այլ հարցերի վերաբերյալ։
Մինչդեռ Արցախի հետ հարաբերությունների շեշտադրումն ու դրանց զարգացումն ունեն սկզբունքային կարևորություն՝ ընդգծելու համար նաև ՀՀ բացառիկ դերակատարումն Արցախի խնդրի լուծման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման առումով։ Երեկ այս առաջարկը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ապա նախաձեռնողի կողմից հանվել շրջանառությունից՝ հետագայում ներկայացվելու պայմանով։
Մեր տեղեկություններով, հետաձգումը տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով, նախագծում ինչ-ինչ փոփոխություններ անելու նպատակով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։