Թիմ Քուքը վաճառել է իրեն նվիրված Apple-ի բաժնետոմսերը
Օգոստոսին լրանում է 10 տարի, երբ Թիմ Քուքը դարձել է Apple-ի գործադիր տնօրեն: Այդ կապակցությամբ ընկերությունը նվիրել է նրան 5 միլիոն «խնձորի» բաժնետոմսեր, հաղորդում է SkyNews-ը:
Ընդ որում՝ ակցիաների մեծ մասը՝ ավելի քան 750 միլիոն դոլարի չափով, Քուքը վաճառել է բարեգործական նպատակներով: 2015 թվականին Apple-ի գործադիր տնօրենը խոստացել է «բաժանել» իր ամբողջ կարողությունը նախքան այս աշխարհից հեռանալը: Այդպիսի հայտարարություններ են արել նաեւ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն ու խոշորագույն ներդրող Ուորեն Բաֆեթը:
2011 թվականին պաշտոնը ստանձնելիս Քուքը համաձայնվել էր խթանման երկարաժամկետ ծրագրին, որի համաձայն՝ նա ամեն տարի ստանում էր բաժնետոմսեր, եթե Apple-ը հասնում էր որոշակի նպատակների:
Առ այսօր բաժնետոմսերն աճել են ավելի քան 1200 տոկոսով, եւ այժմ ընկերության բիզնեսը գնահատվում է 2,5 տրիլիոն դոլարի չափով: