Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:
Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:
Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խ խմբավարական (1952) և ստեղծագործական (1967) բաժիններում։
1952-1954 թթ.-ին եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։
1955-1961 թվականներին ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը։
1961-1964 թթ.-ին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը:
1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։
1966 թվականին ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որի տնօրենն է եղել մինչև 1972 թվականը:
1972-1975 թթ.-ին եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն:
1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
Ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր։
Հայաստանի կոմպոզիտորների,Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների անդամ է:
2001 թվականից՝ աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ: