ԱՆ-ն պետական կառույցների աշխատակիցների պատվաստումների գործընթացի վերաբերյալ վիճակագրություն չի իրականացնում
2021 թվականի հուլիսի 15-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստվել է 58108 անձ, որից 2096-ը՝ օտարերկրյա քաղաքացի: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ տվյալներն ամփոփվում են ամսական կտրվածքով:
Մեր հարցին ի պատասխան, թե պատվաստված ՀՀ քաղաքացիներից քանի՞սն են համարվում պետական կառույցի աշխատողներ, Առողջապահության նախարարությունից չպատասխանեցին՝ պարզաբանելով, որ պատվաստումների գործընթացի վիճակագրությունը պետական կառույցների աշխատակիցների վերաբերյալ չի վարվում:
Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի վիճակագրությունը վարվում է ըստ առանձին ռիսկի խմբերի: