Կոտայքի մարզի Նոր Գեղիի սկզբնամասում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 3 մահացածներից երկուսն անչափահասներ են. հարուցվել է քրեական գործ․ ՔԿ (լուսանկարներ)
2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղիի սկզբնամասում միմյանց են բախվել համագյուղացիների կողմից վարած «Iveco» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Mercedes Benz»-ի վարորդը և ուղևորը՝ ծնված 20.11․2004թ., մահացել են տեղում, իսկ նույն ավտոմեքենայի մյուս երկու ուղևորները՝ ծնված 07․03․2006թ. և 24․10․2007թ., տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է՝ գիտակցության չգալով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ. նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղեգոտում։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: