Ազատ անկումը շարունակվում է, դեգրադացիան չի ավարտվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մուննաթ, դժգոհություն, մեղադրանքներ ու պահանջներ՝ ուղղված ընդդիմությանը և հասարակությանը։ Սա էր Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթների լեյտմոտիվը։ Մինչդեռ այս իրավիճակի համար եթե կարելի է անուղղակիորեն մեղադրել հասարակությանը, որը սխալ կողմնորոշվեց 2018-ին և սխալ է կողմնորոշվել նաև 2021-ին՝ ապաշնորհ ու երկիրը կործանման տանող երիտասարդների խմբին վստահելով մեր երկրի ղեկը, ապա ընդդիմությանը դժվար է այս իրավիճակի համար մեղադրելը։ Անգամ եթե ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք նախկինում բարձր պաշտոններ են զբաղեցրել և ունեն բազում մեղքեր, այդ հին մեղքերի և այսօրվա իրականության միջև կապը խիստ պայմանական է։
Այսօրվա իրավիճակի համար մեղավորը, պատասխանատուն, խնդիրների լուծումը ձախողածը, սխալ քաղաքականության արդյունքում երկիրը վտանգածը միայն մեկն է՝ գործող իշխանությունը։ Եվ գործող իշխանությունը կլիներ մեղավոր, անգամ եթե ընդամենը մեկ ամիս առաջ իշխանափոխություն եղած լիներ։ Միևնույն է՝ մեղքը միշտ գործող իշխանությանն է։ Նախ, որովհետև ստանձնել է իշխանության բեռը՝ հասարակությանը հուսադրելով, որ ինքը լուծելու է բոլոր խնդիրները, և գիտակցելով այդ խնդիրների ծանրությունն ու բարդությունը։ Եվ որովհետև խոստացել է ապահովել գոնե նվազագույնը՝ մարդկանց ֆիզիկական անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը՝ այն սահմաններում, որն ինքը ժառանգություն է ստացել։
Եթե որևէ երկրում իշխանությունը փոխվելուց օրեր անց տեղի ունենան պատերազմ և տարածքային կորուստ, ոչ մի ժողովուրդ չի մեղադրի ընտրություններից առաջ իշխանություն եղած ուժին կամ անձանց։ Դա չգրված օրենք է, որը, փաստորեն, չի գործում միայն Հայաստանում։ Ազատ անկումը շարունակվում է, դեգրադացիան չի ավարտվել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։