Հսկայական կրծողները «գրոհել են» արգենտինական քաղաքը (լուսանկարներ, տեսանյութ)
Արգենտինայի Նորդելտա բնակավայրի բնակիչները պայքարում են հսկայական կրծողների դեմ, որոնք լցվել են տարածաշրջանում և օրեցօր նորանոր տարածքներ են «գրավում»:
Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, խոսքը «կապրինչո» կամ «կապիբարա» կոչվող կաթնասունների մասին է, որոնք տարածված են Հարավային Ամերիկայում և կրծողների ամենամեծ ներկայացուցիչներն են: Այս կենդանիները բնակվում են ջրային տարածքների մոտ, ինչպես նաև Պարանա գետի հարևանությամբ, որը Հարավային Ամերիկայի երկրորդ ամենամեծ գետն է Ամազոնից հետո:
Պարանայի ճահճուտներից ոչ հեռու շուրջ 1500 հա տարածք զբաղեցնող բնակելի համալիր է կառուցվել, իսկ Նորդելտայում, որը Բուենոս Այրեսի հյուսիսային շրջանում է գտնվում, բնակվում է մոտ 40 000 մարդ:
Աղբյուրը նշում է, որ այժմ ճահճուտներին սովոր որոշ կենդանիներ, այդ թվում՝ հարյուրավոր կապրինչոներ վերադառնում են՝ «հետ նվաճելու» իրենց բնակմիջավայրը:
Սակայն կենդանիները երբեմն վնաս են հասցնում: Տեղաբնակներից մեկը հայտնում է, որ այս կենդանիները ոչ միայն ավերում են պարտեզներն ու այգիները, այլև աղտոտում են շրջակայքն արտաթորանքով: Բացի այդ, դրանք երբեմն ավտովթարների կամ մոտոցիկլավարների վթարի պատճառ են դառնում փողոցներում հայտնվելիս: