ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչական հարձակումները Քաբուլում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո անհանգստություն է հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ներկայացուցչի խոսքով՝ գլխավոր քարտուղարն ընդգծել է Միավորված ազգերի կազմակերպության պատրաստակամությունը օգնելու Աֆղանստանի ժողովրդին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է իրադարձություններին մեծ անհանգստությամբ: Նա դատապարտում է այդ ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով խաղաղ քաղաքացիներ են զոհվել, և ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին: Տեղի ունեցածը վկայում է Աֆղանստանում իրավիճակի անկայունությամբ, և դա ամրապնդում է մեր վճռականությունը օգնելու Աֆղանստանի ժողովրդին», - ասել է Ստեֆան Դյուժարիկը:
Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ ահաբեկիչները երկու պայթյուն էին իրականացրել, որոնցից առաջինը՝ օդանավակայանի հյուսիսային մուտքի, երկրորդը՝ Abbey հյուրանոցի մոտ, որտեղ ամերիկացիներ են հավաքված եղել: Պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, տուժել է ավելի քան 50 հոգի:
Politico թերթը, հղում անելով ամերիկյան վարչակազմում ունեցած իր աղբյուրներին, գրել էր, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կրում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ նշված խմբավորման զինյալները Աֆղանստանում ամերիկացիների և նրանց դաշնակիցների վրա հարձակվելու հնարավորություն են փնտրում: