Ադրբեջանի նախագահը ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սեպտեմբերին սկսել պատերազմը՝ փորձելով իր օգտին լուծել ԼՂ հակամարտությունը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին
Որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար հնչեցվող ատելության խոսքին և ռազմատենչ հռետորաբանությանը՝ դեսպան Մարգարյանը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահի ս․թ․ օգոստոսի 14-ի հարցազրույցում վերջինս ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Նման կերպ պաշտոնապես հաստատվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ խախտումները և գլոբալ համավարակի պայմաններում պատերազմի սանձազերծումը՝ ոտնահարելով նաև համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում զինված գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչը»,- ասված է գրառման մեջ։