Դուբայի օպերայում InClassica փառատոնի շրջանակում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերի 5-ին InClassica փառատոնի շրջանակներում Դուբայի օպերային թատրոնում կներկայացնեն հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։Այս մասին հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Խաչատրյանը իր այս կոնցերտը գրել է 1940 թվականին։ Այն հնչել է աշխարհի տարբեր բեմերում՝ մեծապես սիրվելով ունկնդիրների կողմից։
Նվագախմբից նաև հիշեցնում են, որ այս օրերին Դուբայում անցկացվում է երաժշտական խոշորագույն իրադարձություն՝ InClassica տասներորդ միջազգային երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և SAMIT Event Group-ը։
Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Փառատոնին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող 38 կատարողներ, 7 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։