Իրաքը հույս ունի «հաշտեցնել» Թեհրանին ու Էր Ռիադին
Իրաքը Իրանին եւ Պարսից ծոցի արաբական երկրներին հրավիրել է Բաղդադում կայանալիք գագաթաժողովին՝ լարվածությունը թուլացնելու համար, ինչը վերջին տարիներին հանգեցրել է բաց հակամարտության, հաղորդում է Reuters-ը:
Պաշտոնյատար անձինք նշում են, որ հանդիպանը, որտեղ կքննարկվեն նաեւ Եմենում պատերազմը, Լիբանանի փլուզումը եւ տարածաշրջանում ջրային ճգնաժամը, կարող է քայլ լինել սաուդա-իրանական հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Իրաքի պաշտոնյաները հույս ունեն, որ Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսին կմասնակցի շաբաթ օրը նախատեսված հանդիպմանը եւ սպասում են, որ Պարսից ծոցի երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախարարները նույնպես կմասնակցեն:
«Նույնիսկ եթե մենք մեկ սեղանի շուրջ հավաքենք արտաքին գործերի նախարարներին, դա կարող է բեկում համարվել իրանցիների եւ Պարսից ծոցի արաբների միջեւ լարվածության վերացման գործում»,- ասել է իրաքցի պաշտոնյան:
Նրա խոսքով, Իրաքը, որտեղ այս տարվա սկզբին անցկացվել էին սաուդյան եւ իրանական պաշտոնյաների մասնավոր հանդիպումներ, Թեհրանից եւ Պարսից ծոցի արաբական երկրներից «դրական ազդակներ» է ստացել, որ իրենք պատրաստ են ավելի անմիջական բանակցությունների:
Առայժմ Քուվեյթը Պարսից ծոցի միակ պետությունն է, որը հաստատել է իր մասնակցությունը եւ ուղարկել իր վարչապետին:
Եգիպտոսն ու Հորդանանը նույնպես Թուրքիայի եւ Ֆրանսիայի հետ միասին հրավիրված են Բաղդադում հանդիպմանը: