Հայտնի է ԱՄՆ բանակի ամենախոցելի տեղը
19FortyFive կայքը պատմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի համակարգում առկա հիմնական թույլ կետի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես նշել է հոդվածի հեղինակ Մայա Քլարքը, Սենատը վերջերս հաստատեց 1.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը հանրային ենթակառուցվածքների զարգացման համար: Սակայն, նրա կարծիքով, առավել մեծ ուշադրության է արժանի պետական նավաշինարանների հետ կապված իրավիճակը. դրանք ընդամենը չորսն են, եւ դրանք ավելի քան հարյուր տարեկան են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք պատասխանատու են ավիակիրների եւ սուզանավերի սպասարկման համար, իրավիճակը իսկապես սարսափելի է թվում:
Առավել ակնհայտ խնդիրների շարքում են չոր նավահանգիստներում նոր սուզանավերի սպասարկման անկարողությունը` դրանց փոքր հզորության պատճառով, ինչպես նաեւ մասնավոր նավաշինարաններում օգտագործվող սարքավորումները, գրում է Քլարքը:
«Նմանատիպ խնդիրներ կան շատ ոլորտներում: Ժամանակակից ավտոմատ սարքավորումների օգտագործման փոխարեն ԱՄՆ բանակի զինամթերքի գործարանները շարունակում են ապավինել Երկրորդ համաշխարհային պատերազմի սարքավորումներին եւ արտադրական գործընթացներին»,- ասել է լրագրողը` նշելով, որ այս իրավիճակը սպառնում է ոչ միայն ձեռնարկությունների աշխատակիցներին, այլեւ` Միացյալ Նահանգների ազգային պաշտպանությանն ընդհանրապես:
Հոդվածի հեղինակը նաեւ ընդգծել է, որ ենթակառուցվածքների համար միջոցների հատկացումը վտանգավոր միտման միայն մի մասն է` միաժամանակ անտեսելով կարեւոր ազգային առաջնահերթությունները: Քլարքը նշել է, որ Կոնգրեսը վաղուց դադարել էր պատասխանատվություն վերցնել երկրի պաշտպանունակության ապահովման համար: Բայց, հավանաբար, շուտով դա, այնուամենայնիվ, առաջնահերթություն կդառնա դրա համար, ամփոփել է նա: