Մանհեթենի կենտրոնում հրաձգության արդյունքում պատահական անցորդ է վիրավորվել
7-րդ պողոտայի եւ 31-րդ փողոցի խաչմերուկի մոտակայքում գտնվող Փեն սթեյշնում` Նյու Յորքի ամենամեծ տրանսպորտային հանգույցներից մեկում, տեղի ունեցած հրաձգության հետեւանքով անցորդ է վիրավորվել: Այս մասին ասվում է Նյու Յորքի ոստիկանության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ոստիկանության տեղեկատվության` երեկոյան կայարանում վիճաբանություն ծագել երկու տղամարդու միջեւ: Նախնական տվյալներով` հարձակվողն անծանոթ մարդուն խնդրել է կիսվել իր հետ ուտելիքով, իսկ երբ նա հրաժարվել է, տղամարդը հանել է ատրճանակը եւ սկսել է կրակել: Դեպի Նյու Ջերսի ուղեւորվող գնացքին մոտեցող մի տղամարդ է վիրավորվել ոտքից: Նա հասցվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Փեն սթեյշնը գտնվում է Նյու Յորքի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկից` Թայմս Սքուերից մոտ 10 րոպե հեռավորության վրա, որտեղ այս տարվա մայիսի սկզբից գրանցվել է հրաձգության երկու դեպք: Տարվա առաջին կիսամյակում Նյու Յորքում զենքի գործադրմամբ հանցագործությունների թիվն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, վիրավորվել է ընդհանուր ավելի քան 900 մարդ: Նյու Յորքում եւ ամերիկյան այլ խոշոր քաղաքներում հանցավորության հետ կապված իրավիճակի վատթարացումը վերջին ամիսներին ոստիկանության ֆինանսավորման կրճատման քայլերի ֆոնին դեմոկրատների հասցեին քննադատություն է առաջացրել նրանց հանրապետական քաղաքական հակառակորդների կողմից: