Թեհրանը ողջունել է Աֆղանստանում ներառական կառավարության ձեւավորումը
Թեհրանը ողջունել է Աֆղանստանում ներառական կառավարության ձեւավորումը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, փոխանցել է Mehr-ը:
«Մենք պահում ենք կապը Աֆղանստանում բոլոր կողմերի հետ: Աֆղանստանի խնդիրները չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով, եւ բոլոր կողմերը պետք է խնդիրները լուծեն բանակցությունների եւ երկխոսության միջոցով», - նշել է նա՝ հավելելով, որ այս ծայրահեղ իրավիճակում Իրանը աջակցելու է աֆղան ժողովրդին:
Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել նպաստել ներաֆղանական խաղաղ բանակցություններին՝ հայտարարելով, որ Թեհրանը ողջունում է իշխանության խաղաղ փոխանցումը եւ ներառական կառավարության ձեւավորումը:
Խոսելով ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացի մասին՝ Խատիբզադեն նշել է, որ աշխարհը «ականատես եղավ այն տառապանքներին, որոնք Միացյալ Նահանգները հասցրել են տարածաշրջանի եւ Աֆղանստանի ժողովրդին»:
«Ուր էլ որ գա Միացյալ Նահանգները, այն խաղաղություն եւ անվտանգություն բերելու փոխարեն քաոս ու ավերածություններ է բերում»: Նա նշել է, որ Թեհրանը խորհուրդ է տալիս Վաշինգտոնին հարգել ազգերի իրավունքները եւ միջազգային իրավունքը: