Արտակարգ դեպք Երևանում. Սիլիկյան թաղամասի՝ ժողովրդին հայտնի «3-րդ գյուղի գերեզմաններում» հերթական վանդալիզմն է տեղի ունեցել. թալանել են մի քանի գերեզմաններ. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 22-ին, SHAMSHYAN.com է դիմել Երևանի բնակիչ Ռիմա Մելիքսեթյանը, ով իր զայրույթն էր հայտնում, որ 2 օր է, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու են մարդիկ այն աստիճանի չարացել, որ անգամ հանգուցյալներին հանգիստ չեն թողնում:
Երեկ՝ օգոստոսի 21-ին, տիկին Ռիման՝ այցելելով հայրիկի շիրիմին, տեսել է, թե ինչպես են ստահակը կամ ստահակները, գերեզմանի վրայից պոկելու եղանակով գողացել թանկարժեք ծաղկամաններն ու խնկամանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Ռիման ասում էր. «Երեկ հերթական անգամ այցելեցի հայրիկիս գերեզման ու կարկամեցի. ո՞նց կարող է մարդ այն աստիճան ստոր լինի, որ նման արարք կատարի:
Մայրս, որ 80-ն անց կին է, երեկ իմացել է այս վանդալիզմի մասին, գամվել է անկողնուն:
Կատարվածի մասին արդեն տեղեկացրել եմ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից մի աշխատակից է եկել, զննել դեպքի վայրը, բայց արդյոք կհայտնաբերվի վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները, չգիտեմ:
Այսօր իմացա նաև, որ այս գերեզմանատանից, որն ավելի շատ հայտնի է Սիլիկյան թաղամասի գերեզմաններ, նմանատիպ բազմաթիվ գողություններ են տեղի ունեցել:
Ստահակներն անգամ երեխայի գերեզմանից են տիկնիկն ու ծաղկեպսակը գողացել:
Ոստիկանության ծառայողի գերեզմանն են թալանել ու այդպես մի քանի գերեզմաններ:
Ու երբ լսում եմ, որ ոչ մի դեպք չի բացահայտվել, մոտս մտավախություն է առաջանում, որ մեր դեպքում էլ չի հայտնաբերվի ճիվաղը»:
Գերեզմաններում հավաբանար աշխատանքներ կատարող մի տղամարդ էլ ասում էր. «Տնօրենը մեղք չունի, որ գողություններ են կատարվում:
Հա էլ կա դա: Տնօրենն ի՞նչ մեղք ունի, որ ժամը 6-ից հետո էստեղ էլ մարդ-մադաթ չկա: Ու դրանից էլ երևի օգտվելով, գալիս ու իրենց սև, անմարդկային գործն անում են»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։