Հիպերմեքենաներ արտադրող Hennessey-ի բոլոր նոր մեքենաները վաճառվել են նախքան թողարկումը. ընկերության ղեկավարը խոստացել է ներկայացնել նորույթ՝ «ոչ այս աշխարհից»
Կալիֆոռնիայի Մոնտերեյ քաղաքում իրականացվող ավտոմոբիլային փառատոնի շրջանակում ամերիկյան Hennessey ընկերության Special Vehicles ստորաբաժանումը Venom F5 հիպերմեքեանայի երկու օրինակ է ցուցադրել՝ ոսկեգույն և կապույտ:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, հենց փառատոնի ժամանակ էլ վաճառվել են վերջին հիպերմեքենաները, որոնք թողարկվելու են 24 օրինակով, սակայն ընկերության ղեկավարը խոստանում է ինչ-որ յուրահատուկ բան ներկայացնել:
Ընկերության ղեկավար Ջոն Հենեսին հայտարարել է, որ F5 մոդելների հաջող վաճառքը միայն «ճանապարհորդության սկիզբն է», որում փորձ կարվի նաև առավելագույն արագության ռեկորդ սահմանել: Նորագույն հիպերքարի առավելագույն արագությունը կազմում է 512 կմ/ժամ, սակայն Հենեսիի խոսքով՝ ընկերությունը մշակում է «նոր մի բան՝ ոչ այս աշխարհից»:
100 կմ/ժամ արագությունը F5 մոդելը զարգացնում է 3 վայրկյանում: Մեքենան համալրված է 6,6 լիտր ծավալային երկտուրբո շարժիչով, որը զարգացնում է 1842 ձիաուժ հզորություն՝ ավելին, քան Bugatti Chiron Super Sport 300+ և Koenigsegg Jesko մոդելները: Venom-ի արտադրությունն արդեն սկսվել է, իսկ նախատեսված ողջ խմբաքանակը նախատեսվում է թողարկել 2023-ին: