Գվարդիոլա․ Լեւանդովսկին կարեւոր է «Բավարիայի» համար, ես էլ գոհ եմ իմ կազմից
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացառել է այս ամռանը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տեղափոխությունը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» իր ղեկավարած թիմ։
«Լեւանդովսկի՞ն։ Հաջորդ հարցը։ Նա կարեւոր խաղացող է «Բավարիայի» համար եւ կմնա այնտեղ։ Ես գոհ եմ իմ ունեցած կազմից։ Նույնիսկ, ավելին, քան գոհ եմ։ Սա նույն չեմպիոնական թիմն է, բայց առանց Սերխիո Ագուերոյի, սակայն Ջեք Գրիլիշի հետ։
Կեւին Դե Բրույնեն առայժմ չի խաղա։ Նա ոտնաթաթի հետ կապված խնդիր ունի։ Դեռ լիարժեք չի մարզվել։ Ֆիլ Ֆոդենը մարզումային գործընթացին կմիանա ազգային հավաքականների սեպտեմբերյան դադարից հետո։ Այդ ժամանակ մենք կլինենք հնարավոր առավելագույն կազմով»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 21-ին կընդունի «Նորվիչին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։