«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը՝ Երևանում (Լուսանկարներ)
Երեկ՝ օգոստոսի 20-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի երևանյան ծրագրի հանդիսավոր բացումը: Փառատոնն արդեն 8 տարի է՝ կայանում է եւ նպատակ ունի հոգեւոր մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածել:
Հոգեշնորհ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի աղոթքից, մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ` Շահեն Նազարենկոն եւ Աննա Կարապետյանը ազդարարեցին երեւանյան ծրագրի մեկնարկը։ Ելույթ ունեցան Դավիթ Ամալյանը, թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խումբը եւ վիրտուոզ Ալեքսեյ Արխիպովսկին:
Փառատոնն այս տարի անցկացվում է օգոստոսի 14-ից 29-ը։ Մարզային ծրագրի մեկնարկը տրվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:
Այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ՝ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ` 41 երկրից: Oգոստոսի 17-ից 29-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով: Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների եւ արվեստագետների, որոնք մեծ ներդրում եւ ասելիք ունեն հասարակական եւ մշակութային կյանքում:
Փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:
Օգոստոսի 21-ին Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին: Օգոստոսի 22-ին՝ Վահան Արծրունին` «Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Օգոստոսի 27-ին բացօթյա ներկայացում՝ «Անուշ» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն): Օգոստոսի 28-ին սպասվում է Հայաստանի երգի պետական թատրոնի համերգը։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, իսկ վայրն՝ անփոփոխ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: