Զիմբաբվեում 26-ամյա տղամարդ է ձերբակալվել ծննդաբերության ժամանակ դեռահաս աղջկա մահից հետո
Զիմբաբվեի ոստիկանությունը 26-ամյա տղամարդու է ձերբակալել ծննդաբերության ժամանակ դեռահաս աղջկա մահից հետո, ինչը վրդովմունք է առաջացրել քաղաքացիների եւ իրավապաշտպանների շրջանում, հաղորդում է BBC-ն:
15 -ամյա Աննա Մաչայան հուղարկավորել էր անցյալ ամիս արեւելյան Մարանգե շրջանի եկեղեցու սրբավայրում:
Ոստիկանները ձերբակալել են նաեւ նրա ծնողներին: Հաղորդվում է, որ ամուսնանալու համար նրան ստիպել են թողնել դպրոցը: Աննայի ծնողները մեղադրվում են աղջկա տարիքի մասին ստելու, ինչպես նաեւ իրենց իննամյա դստերը նույն տղամարդուն՝ Հատիրարամի Մոմբերումեին հանձնելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել երեխայի բռնաբարության համար:
Աննայի մահը հուլիսի 15-ին՝ ծննդյան օրից մի քանի օր անց, ուշադրություն է գրավել մանկական ամուսնության պրակտիկային Զիմբաբվեում:
Աննայի մահվան եւ նրա հուղարկավորության հանգամանքները հետաքննում են ոստիկանությունը եւ գենդերային հարցերի պետական հանձնաժողովը:
2016 թվականին Զիմբաբվեի սահմանադրական դատարանն արգելեց ամուսնանալ 18 տարեկանից ցածր տղաներին եւ աղջիկներին: Սեռական հարաբերություն ունենալու համաձայնության տարիքը 16 տարեկանն է:
Բայց որոշ ընտանիքներ կարծում են, որ մանկական ամուսնությունը կարող է ֆինանսական օգուտներ բերել: Շատ հարսնացուներ հույս ունեն, որ ամուսնությունը նրանց հնարավորություն կտա դպրոց գնալ: Սակայն երիտասարդ աղջիկները սովորաբար կարճ ժամանակ անց հղիանում կամ մնում են տանը՝ տնային գործերն անելու համար:
Հանցագործների ձերբակալություններն ու հետապնդումները հազվադեպ են լինում, եւ իշխանությունները, այդ թվում՝ քաղաքական գործիչների, հաճախ մեղադրվում են բարձր քաղաքական ազդեցություն ունեցող կրոնական աղանդների շրջանում մանկապղծության վրա աչք փակելու մեջ:
ՄԱԿ-ը Զիմբաբվեի կառավարությանը կոչ է արել մանկական ամուսնությունները հանցագործություն համարել եւ վերջ տալ այդ պրակտիկային: