Շախմատիստուհի Էլինա Դանիելյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Ռումինիայի Յասի քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում չեմպիոն դարձավ Էլինա Դանիելյանը։
43-ամյա հայ շախմատիստուհին անթերի առաջնություն անցկացրեց։ 11 պարտիաների ընթացքում նա ոչ մի պարտություն չկրեց։ 11 հնարավորից Էլինա Դանիելյանը վաստակեց 9 միավոր՝ ամբողջ առաջնության ընթացքում տանելով 7 հաղթանակ և խաղալով 4 ոչ-ոքի։
Երկրորդ և երրորդ տեղերը 8-ական միավորով համապատասխանաբար զբաղեցրին ուկրաինուհի Յուլիա Օսմակն ու Լեհաստանի Ներկայացուցիչ Օլիվիա Կյոլբասան։
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի առաջնության մասնակցում էր 117 շախմատիստուհի։ Բացի Էլինա Դանիելյանից, եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներկայացնում էր ևս 6 շախմատիստուհի։ Նրանցից Աննա Սարգսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, Լիլիթ Մկրտչյանը՝ 31-րդ, Մարիամ Մկրտչյանը՝ 40-րդ, Սուսաննա Գաբոյանը 60-րդ, Մարիա Գևորգյանը՝ 62-րդ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ 88-րդ։
Հավելենք, որ իր երկարամյա կարիերայի ընթացքում սա Էլինա Դանիելյանի համար առաջին հաղթանակն էր Եվրոպայի առաջնություններում։ Նախկինում՝ 2011 թվականին նա դարձել էր բրոնզե մեդալակիր։