Վանում պեղումների ժամանակ նշանակալի գտածոն է հայտնաբերվել
Վանի Գյուրփընար (Հայոց ձոր) գավառում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Մ․Թ․Ա․ գերեզմաններ, և պարզվել է, որ այդ հատվածը բնակավայր է եղել դեռևս Երկաթի դարում։
Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, հիշյալ գերեզմաններն արտացոլում են Ուրարտուի թագավորության քաղաքակրթության մեջ հանգուցյալներին թաղելու սովորույթները։
Պեղումներին մասնակցում են 20 հոգի։ Դրանք ղեկավարում է Վանի թանգարանի տնօրեն Էրոլ Ուսլուն, իսկ որպես խորհրդական` թիմի աշխատանքների մեջ ընդգրկված է դոկտոր Հանիֆի Բիբերը։
Վերջինս թուրքական պարբերականի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ապացույցներ են գտնվել առ այն, որ տվյալ շրջանը մոտ 5000 տարվա հնություն ունի։ Պեղումների արդյունքում հայտնաբերված ամենաուշագրավ գտածոն օջախն է, որ պատկանում է վաղ Բրոնզի դարին։ Մասնագետները ենթադրում են, որ օջախն օգտագործվել է ուտելիք պատրաստելու նպատակով։
Պեղումները Վանում կշարունակվեն նաև մյուս տարի։