Իրանն արագացրել է ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս. ՄԱԳԱՏԷ
Իրանն արագացրել է ուրանի՝ մինչև 60 տոկոս հասրտացման գործընթացը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տվյալներով՝ Թեհրանը մեծացրել է Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գործարանի հզորությունը:
Ինչպես փոխանցում է DW.com-ը՝ հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիին, ներկա պահին այնտեղ ցենտրիֆուգների մեկ համալիրի փոխարեն երկու համալիր է օգտագործվում:
Միջազգային միջնորդների «վեցյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան և Չինաստան) հետ 2015 թվականին Իրանի կնքած «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» համաձայն՝ Թեհրանին թույլատրվում է ուրանը հարստացնել մինչև 3.67 տոկոսով՝ միջուկային էներգիան քաղաքացիական նպատակներով կիրառելու համար: Ռազմական նպատակով միջուկային էներգիան օգտագործելու համար ուրանի հարստացման շեմը կազմում է 90 տոկոս:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին դուրս է եկել միջուկային ծրագրից՝ որոշ պատժամիջոցներ վերականգնելով Իրանի դեմ: Դրանից հետո Թեհրանը ևս որոշել է ամբողջությամբ չկտարել գործարքով սահմանված պարտավորությունները, հատկապես՝ ուրանի հարստացման հարցում: