Վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն ու ոստիկանին խնդրել խմածությունը «ջրել
Օգոստոսի 17-ին, կեսգիշերին մոտ, Երեւան քաղաքի բնակիչ 44-ամյա Էդգար Կոջոյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Դավիթաշենի փոքր կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին եւ կոտրել այն։ Այս մասին հաղորդում է shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել Է ոչ սթափ (խմած)։
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել նաեւ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Վարորդը, գուցե չիմանալով, թե ով է իր առջեւ կանգնած, խնդրում էր՝ թե ոնց անի, որ վթարը չձեւակերպվի, իր խմածությունը «ջրվի»։
Սակայն Էդգար Կոջոյանին չի հաջողվել Պարեկային ծառայության պետին համոզել, իսկ հետո ստիպված սկսել է նեղսրտել, թե՝ «հորս արեւ, ստացվում ա՝ մի տարի կամ մի քիչ ավելի էլ մեքենա չեմ քշելու։ Ես էլ էս մի քանի 100 կիլո ջանդակովս կարա՞մ էդքան քայլեմ»։