ՌԴ ԱԻՆ-ն Աբխազիայի քարանձավներից մեկից դուրս է բերել 1 տարի առաջ մահացած ռուս զբոսաշրջիկի դին
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Աբխազիայում գտնվող քարանձավից հանել են 1 տարի առաջ մահացած ռուս զբոսաշրջիկի դին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Լև Քվիցինիան:
Ավելի վաղ, Ռուսաստանի քարանձավագետների միությունը դիմել էր Աբխազիայի ԱԻՆ-ին՝ խնդրելով աջակցել քարանձավից տղամարդու դիակի դուրսբերմանը, որը գտնվում է 1 100 մ խորության վրա:
Անձի մարմինը քարանձավում հայտնաբերվել է օգոստոսի 3-ին: Ավելի ուշ «Լիզա Ալերտ» որոնողական կազմակերպության հայտարարության շնորհիվ պարզվել է, որ այդ մարդը Սոչիի բնակիչ Սերգեյ Կոզեևն է, որն անհետացել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին:
Վերևկինի քարանձավը համարվում է աշխարհի ամենախորը քարանձավը, այն գտնվում է Արաբիկի սարահարթի վրա, որը Գագրայի լեռնաշղթայի մի մասն է։ Քարանձավի հայտնի մասի խորությունը 2212 մետր է: