Թուրքիան Աֆղանստանի հարցով բոլոր կողմերի հետ երկխոսություն է վարում․ Չավուշօղլու
Թուրքայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ երկխոսություն է վարում բոլոր կողմերի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Անկարան շարունակում է նպաստել Աֆղանստանի տնտեսական զարգացմանը, կայունությանը և խաղաղությանը»,- հայտարարել է Չավուշօղլուն Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան այս հարցում սերտորեն համագործակցում է նաև ԱՄՆ-ի հետ։ «Երկրում իշխանությունը փաստացի գտնվում է թալիբների ձեռքում: Աբդուլլահ Աբդուլան և Համիդ Քարզայը դեռևս գտնվում են Քաբուլում և նախապատրաստվում են թալիբների հետ երկխոսությանը»,- նշել է թուրք նախարարը:
Չավուշօղլուն իր խոսքում միաժամանակ բարձր է գնահատել Կատարի ներդրումը միջաֆղանական երկխոսության մեջ:
Թուրք նախարարը նաև ափսոսանք է հայտնել Քաբուլի միջազգային օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի համար՝ նշելով, որ Անկարան կշարունակի աջակցել Աֆղանստանի մայրաքաղաքից տարբեր երկրներ քաղաքացիների տարհանման գործին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է աշխատել:
«Մեր դիվանագիտական առաքելությունների և բոլոր աշխատակիցների համար անհրաժեշտ միջոցառումները ի սկզբանե էինք ձեռնարկել: Քաբուլում մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեություն»,- հայտնել էր Չավուշօղլուն:
Թուրք նախարարը հավելել էր նաև, որ նախապատրասում են Աֆղանստանը լքել ցանկացող Թուրքիայի քաղաքացիների՝ այնտեղից դուրսբերման աշխատանքները: