Համացանցում հայտնվել է շոկային տեսանյութ, որում երևում է ամերիկյան ռազմական ինքնաթիռի շասսիից կախված աֆղանստանցու դին (տեսանյութ)
Համացանցում տարածվել է շոկային տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է աֆղանստանցի տղամարդու դին քամուց տարուբերվում. մարմինը կպած է շարժվող ինքնաթիռի շասսիին, գրում է Daily Mail-ը:
Սա այն հազարավոր աֆղանստանցիներից մեկն էր, որը փորձում էր ամերիկյան ռազմական օդանավի միջոցով փախչել թալիբների վերահսկողության տակ հայտնված Քաբուլից:
Տեսանյութն արվել է C-17 ինքնաթիռի պատուհանից:
Ամերիկյան կողմն ավելի ուշ հաստատել է, որ ինքնաթիռի արտաքին մասում մարդկային դի է հայտնաբերվել:
Աավելի վաղ համացանցում տարածվել էր ուշագրավ լուսանկար, որում երևում են հարյուրավոր աֆղանստանցի փախստականներ՝ ամերիկյան բեռնափոխադրող օդանավի սրահում: Այս մարդիկ փախել են «Թալիբան» արմատական շարժման զինյալներից, որոնք կիրակի մտել են մայրաքաղաք Քաբուլ և վերահսկողություն հաստատել երկրի վրա:
Պարբերականը նկատում է, որ այս ընթացքում ԱՄՆ-ն առնվազն երկու C-17-ի թռիչք է իրականացրել Քաբուլից, որտեղ իսկական քաոս է հաստատվել:
Կիրակի եղել է առաջին թռիչքը, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17-ը Քաբուլից թռել է դեպի Կատար: Մինչ այն պատրաստվում էր թռիչքի, Աֆղանստանի հարյուրավոր սարսափահար քաղաքացիներ վազել են դեպի ինքնաթիռը, թեքահարթակով բարձրացել և տեղավորվել դրանում:
Defense One-ի ձեռք բերած լուսանկարը ցույց է տալիս, որ նրանք բոլորը նստած են ինքնաթիռի հատակին, որը հարմարեցված է 150 զինվորի հարմարավետ տեղափոխելու համար, բայց կարող է տանել 171 000 ֆունտ բեռ: Այդ պահին ինքնաթիռում ուղևորների ստույգ թիվը եղել է 640, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ:
«Թալիբան»-ի զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար և հեռացել է երկրից: