«Վոլֆսբուրգն» ավելորդ փոխարինում կատարելու պատճառով հեռացվել է Գերմանիայի գավաթից
«Վոլֆսբուրգը» հեռացվել է ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկությունից՝ չնայած առաջին շրջանում «Պրեուսենի» նկատմամբ 3:1 հաշվով արտագնա հաղթանակին:
Այդ խաղում «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը կատարել է 6 փոխարինում, սակայն կանոնակարգով թույլատրվում է 5 փոփոխություն:
«Մենք հիասթափված ենք և կնախըտրեինք այլ որոշում: Համաձայն չենք այդ որոշման հետ, և քննարկում ենք այն բողոքարկելու տարբերակը»,- ասել է «Վոլֆսբուրգի» տնօրեններից Տիմ Շումախերը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Մարկ վան Բոմելն այս ամռանն է գլխավորել «Վոլֆսբուրգը»: