ԱՄՆ պատվիրակությունը կապ է պահպանում թալիբների հետ Դոհայում
Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի գլխավորությամբ ամերիկացի դիվանագետների պատվիրակությունը շարունակում է շփումները Դոհայում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:
«Թույլ տվեք օգտվել առիթից եւ մի փոքր պատմել վերջին 72 ժամվա ընթացքում մեր դիվանագիտական ջանքերի մասին: Դեսպան Խալիլզադը եւ նրա պատվիրակությունը մնացին Դոհայում: Նրանք դեռ Դոհայում են այն խորհրդակցություններից հետո, որոնց մասին մենք խոսեցինք անցյալ շաբաթ տարածաշրջանի մի շարք երկրների` ՄԱԿ-ի եւ այլ երկրների հետ: Նրանք շարունակում են շփվել թալիբների հետ: Նրանք շարունակում են շփվել Իսլամական Հանրապետության, այսինքն` Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների հետ:
Երբ պարզ դարձավ, որ Աֆղանստանի կառավարությունը կանգնած է փլուզման եզրին, որ նախագահ Գանին փախել է, եւ որ թալիբները ներխուժում են Քաբուլ, կիզակետը, իհարկե, փոխվեց: Այն միջազգային հանրության հետ խաղաղության բանակցություններից անցավ քրտնաջան աշխատանքի` միջազգային հանրության հետ անելու ամեն հնարավոր բան` բռնությունը կանխելու, Քաբուլում կարգուկանոնը պահպանելու եւ, ամենակարեւորը, ապահովելու համար, որպեսզի թալիբները չփորձեն սպառնալ մեր ժողովրդին կամ մեր օպերացիաներին»,- ասել է Փրայսը:
«Երբ խոսքը թալիբների մասին է, մենք կհետեւենք նրանց գործողություններին, այլ ոչ թե կլսենք նրանց խոսքերը»,- ընդգծել է նա` պատասխանելով հարցին` արդյո՞ք նրանք համաձայնության են եկել թալիբների հետ Աֆղանստանի օդային տարածքի կառավարման հարցում:
«Շատ կարեւոր է ընդգծել, որ ցանկացած ջանք, մեր անձնակազմին կամ մեր գործողություններին թիրախավորելու ցանկացած փորձ` ահաբեկումների սպառնալիքներով, արագ եւ վճռական պատասխանի կարժանանա»,- զգուշացրել է դիվանագետը: