Բայդենը հայտարարել է, որ չի զղջում Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմը դադարեցնելու որոշման համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի զղջում Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար:
«Ես խորապես վշտացած եմ այն ամենի համար, ինչին մենք ականատես ենք լինում, բայց ես չեմ ափսոսում Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմը դադարեցնելու որոշման համար եւ շարունակելու եմ կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա ինչպես այնտեղ, այնպես էլ աշխարհի այլ մասերում: Ամերիկյան զորքերի մասնակցությունը քաղաքացիական պատերազմին մեկ այլ երկրում չի բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից: Ես լիովին հավատարիմ եմ իմ որոշմանը:
Երբ ստանձնեցի նախագահի պաշտոնը, ես ժառանգեցի «Թալիբան»-ի հետ Դոնալդ Թրամփի ձեռք բերած համաձայնությունը: Նրա համաձայնության համաձայն` ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Աֆղանստանից մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը: Ընտրությունը, որը ես պետք է կատարեի որպես ձեր նախագահ, այս համաձայնագրին հետեւելու կամ թալիբների դեմ պայքարելու պատրաստ լինելու միջեւ էր: Մայիսի 1-ից հետո հրադադար չէր լինի: Մայիսի 1-ից հետո մեր զինված ուժերին պաշտպանող համաձայնություն չկար»,- ասել է նա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով` ինքը ընտրություն է կատարել համաձայնությանը հետեւելու եւ «հակամարտության սրման» միջեւ:
«Կար միայն սառը իրականաություն. կամ մեր ուժերի դուրսբերման մասին համաձայնագրի իրագործում, կամ հակամարտության սրում եւ հազարավոր ամերիկացի զինվորներին հետ ուղարկել Աֆղանստան կռվելու: Ես հաստատակամորեն հավատարիմ եմ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու իմ որոշմանը:
Աֆղանստանի ղեկավարությունը հանձնվեց գրոհայինների դեմ պայքարում՝ չնայած ԱՄՆ-ի ուժեղ աջակցությանը, եւ ամերիկացիները չպետք է շարունակեին մղել այդ պատերազմն աֆղանցիների փոխարեն, ասել է Բայդենը:
«Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Աֆղանստանի քաղաքական ղեկավարությունը հանձնվեց եւ փախավ երկրից: Աֆղանստանի զինված ուժերը փլուզվեցին, երբեմն նրանք նույնիսկ չէին փորձում միանալ մարտին:
Վերջին շաբաթների իրադարձությունները հաստատեցին, որ հենց հիմա Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներգրավվածության դադարեցումը ճիշտ որոշում էր: Ամերիկացի զինվորականները չեն կարող եւ չպետք է կռվեն եւ զոհվեն պատերազմում, որն աֆղանական ուժերն իրենք չեն ցանկանում մղել»,- եզրափակել է ամերիկացի առաջնորդը:
«Մենք ծախսել ենք ավելի քան տրիլիոն դոլար: Մենք են 300 հազար աֆղանական ուժերին զենք եւ ռազմական տեխնիկա ենք մատակարարել: Նրանք ունեին անհավանական լավ զենք եւ ավելի շատ զորքեր, քան ՆԱՏՕ-ի մեր որոշ դաշնակիցներ:
Մենք նրանց տվեցինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր: Մենք նրանց տվեցինք բոլոր հնարավորությունները` որոշելու իրենց ապագան: Այն, ինչ մենք չէինք կարող տալ նրանց, դա ապագայի համար պայքարելու կամքն էր»:
Միացյալ Նահանգների իշխանություններն իրենց առաջին առաջնահերթությունն են համարում ամերիկացիների եւ հանրապետության` նրանց օգնած քաղաքացիների տարհանումն Աֆղանստանից, նշել է ԱՄՆ նախագահը:
«Առաջիկա օրերին մենք մտադիր ենք դուրս բերել Աֆղանստանում ապրած եւ աշխատած ԱՄՆ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաեւ կշարունակենք աջակցել մեր դաշնակիցների քաղաքացիական անձնակազմի անվտանգ դուրս բերմանը, ովքեր դեռ աշխատում են Աֆղանստանում: Մենք նաեւ ընդլայնում ենք փախստականների հասանելիությունը` աֆղան խոցելի խմբերին ընդգրկելու համար, ովքեր աշխատել են դեսպանատանը, ամերիկյան հասարակական կազմակերպություններում եւ աֆղաններին ամերիկյան լրատվական գործակալություններում, որոնք գտնվում են վտանգի տակ»,- ասաց նա:
«Եթե անհրաժեշտ լինի, ԱՄՆ-ն ավերիչ ուժով կպաշտպանի իր մարդկանց»,- ասել է Բայդենը:
«Մենք կշարունակենք աջակցել աֆղաններին, մենք կառաջնորդենք մեր դիվանագիտությունը, միջազգային ազդեցությունը եւ հումանիտար օգնությունը: Մենք կշարունակենք խթանել տարածաշրջանային դիվանագիտությունը` բռնությունը եւ անկայունությունը կանխելու համար,- ասել է նա:- Մենք շարունակելու ենք պաշտպանել աֆղանցիների հիմնարար իրավունքները: Բայց դա չպետք է արվի անվերջ ռազմական տեղակայման միջոցով, այլ` դիվանագիտության կամ տնտեսական գործիքների միջոցով»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը: