Օրենքի խախտումով. Հայկ Մարությանը իր կնոջ ընկերուհուն պաշտոն է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 6-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Արա Աղայանին օգոստոսի 9-ից ազատել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Անցած տարի՝ ապրիլին, մեծ աղմուկով հեռացրել էր Արմեն Բեգոյանին ու նշանակել Արա Աղայանին: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Կանաչապատում եւ շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն կազմակերպության զարգացման գծով տնօրենի տեղակալ Քրիստինա Վարդանյանին:
Իհարկե, թվում է, թե սովորական նշանակում է, չկա որեւէ լուրջ բան: Բայց իրականում, արի ու տես, Մարությանը օրենքի խախտում է թույլ տվել, քանի որ Վարդանյանը զուգահեռ Երեւանի ավագանու անդամ է ու իրավունք չունի Մարությանի ենթակայության տակ գտնվող կառույցում պաշտոն ստանալ: Նա պետք է ավագանու մանդատից հիաժարվի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է, Մարությանը փորձում էր ամեն գնով Քրիստինե Վարդանյանին որեւէ բարձր պաշտոնում նշանակել, բայց քանի որ բարձրաձայնվել էր հարցը, որ ավագանու անդամը պետք է անկախ մնա, թեման փակվել էր, ու հիմա Մարությանը գնացել է նման քայլի:
Բանն այն է, որ Վարդանյանը Մարությանի կնոջ մտերիմ ընկերուհին է, դրա համար էլ ամեն գնով պաշտոնի նշանակման խնդիր է դրված եղել քաղաքապետի առջեւ: Այսպիսով, քաղաքապետի տիկին Իվա Մարությանի ընկերուհին դեռեւս ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, այնուհետեւ տնօրեն կնշանակվի:
Ի դեպ, նշենք, որ Վարդանյանը իրավունք չուներ նաեւ նշյալ կազմակերպությունում տեղակալ նշանակվել, բայց Մարությանի շնորհիվ հասել է իր նպատակին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։