Հայ բռնցքամարտիկները փայլում են պատանեկան ԵԱ-ում
Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է առնվազն 6 բրոնզե մեդալ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Քառորդ եզրափակիչում հաղթել ու կիսաեզրափակիչ են դուրս եկել Վանաձորի մարզադպրոցի սան Վազգեն Քարհանյանը (48 կգ), «Սևան» մարզական կազմակերպությունը ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը (57 կգ) և Շիրակի մարզը ներկայացնող Լյովա Կիրակոսյանը (70 կգ)։ Վազգեն Քարհանյանը հունգարացի Ռիչարդ Հորվաթի հետ մենամարտում մրցակցին 3 անգամ նոկդաունի է ենթարկել և հաղթել ժամանակից շուտ։
Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչում են նաև 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, 38 կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը։ Օգոստոսի 16-ին և 17-ին ևս 10 բռնցքամարտիկներ կպայքարեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար։
Մրցավայր մեկնած բոլոր հայ բռնցքամարտիկները դուրս են եկել 1/4 եզրափակիչ, ինչը բացառիկ արդյունք է հայկական բռնցքամարտի պատության մեջ։ 17 մարզիկներից 16-ը շարունակում են պայքարը մեդալների համար։ Մրցավայրում է նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: