Lufthansa ավիաընկերությունը Հայաստան չի գա, մոռացեք
«Ես չեմ հավատում, որ Lufthansa ավիաընկերությունը կգա Հայաստան։ Դրա համար մի քանի կարևոր բաղադրիչ կա, որը Հայաստանը չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդունել էր Lufthansa ավիաընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել էր ընկերությնա հետ համագործակցության հեռանկարներն ու ուղիները։ Lufthansa ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացի զբոսաշրջիկների համար։ Հետևաբար իրենք շահագրգռված են օգտագործել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր բերելու հնարավորությունը և պատրաստ են համագործակցել մարքեթինգային արշավների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։
Մի քանի կարևոր նախապայմաններ կան, որ ավիացիոն ներդրողը գա և տվյալ երկրում ներդրում անի։ Դա ոչ պատերազմական գոտի լինելն է, ՀՆԱ-ի 5 տոկոսից ոչ ցածր շեմը և այլն։ Որոնց ոչ մեկին Հայաստանը չի համապատասխանում։ Մյուս կողմից Lufthansa-ն շատ մեծ գումար է ստացել որպես կորոնավիրուսից կրած վնասների փոխհատուցում։ Գերմանիայի կառավարությունը 9 միլիարդ փող է տվել ավիաընկերությանը։ Բայց ես չեմ հավատում , որ եթե օրինակի համար մի ալյանսը մեր երկրում է ՝ Աերոֆլոտը, մեկ էլ առանց որևէ այլ պատճառի երկրորդ ալյանսն է մտնում։ Ես դրան չեմ հավատում։ Դրանք ինչ-որ խոսակցություններ են, որոնք շատ արագ կանցնեն կգնան։ Այդպիսի բաներ են եղել Հայաստանում, շատերն են խոսում։ Lufthansa-ի ինչին է պետք Հայաստանը, որը այս պահին բացարձակ ոչ մի կոմունիկացիա չունի։ Իրենք հո հիմար չեն, որ չկարողանան մեկ երկու հաշվարկ իրականացնել։ Իրենք ավելի շուտ կգնան Ռուսաստան, քան կգան Հայաստան։ Ես դա համարում եմ հերթական մեծ սուտը։ Լոգիկայով և դասական մոտեցումներով մոռացեք, որ Lufthansa-ն կգա Հայաստան։ Հակառակ դեպքում և British Airways-ը կգար Հայաստան և մյուսները, որոնք անգամ Իրան են թռնում։ Այդպիսի ընկերությունները Հայաստան չեն գա, շուկան շատ փոքր է»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ 2019-ին Lufthansa-ն Եվրոպայում առաջին տեղում է եղել ավիատոմսերի ընդհանուր գումարի շրջանառությամբ։ Մեկ տարում այս ավիաընկերությունը մոտ 45 միլիարդ դոլարի ավիատոմս է վաճառել։ Հետևաբար տրամաբանական չէ, որ նման շրջանառություն ունեցող ավիաընկերությունը գա Հայաստանի պես փոքր շուկա ունեցող կա։
Նավիկ Խաչատրյանը լավատես է, որ նոր կառավարության ձևավորումից ավիացիոն ոլորտում էլ փոփոխություններ կլինեն դեպի լավը։ Շաբաթներ առաջ Air Arabia-ի հետ ազգային փոխադրող ստեղծելու ծրագիրն արդեն մեծ հույսեր է ներշնչում։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին «AirArabia»-ն և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF) ազգային ավիափոխադրող ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դեռևս այդ օրը նշել էր, որ ազգային փոխադրողը լինելու է լոուքոսթեր, ինչը կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար։
Խաչատրյանը նշեց, որ համատեղ ավիացիոն փոխադրող ստեղծելու հանգամանքը օրենքին չի հակասում։ «Եթե ճիշտ մոտեցում ցուցաբերվի, միանշանակ նաև այս ծրագիրը կիրականանա։ Սպասենք ու տեսնենք»,-եզրափակեց փորձագետը։