Բայդենը ազգային անվտանգության իր թիմի հետ քննարկել է իրավիճակը Աֆղանստանում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ փոխնախագահ Կամալա Հարիսը Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն են անցկացրել վաշինգտոնյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, ովքեր համակարգում են ազգային անվտանգության խնդիրները, հայտնում է Washington Examiner-ը:
«Նախագահն ու փոխնախագահն այսօր առավոտյան տեսակոնֆերանս են անցկացրել ազգային անվտանգության թիմի հետ, որպեսզի քննարկեն Աֆղանստանում մեր քաղաքացիական ներկայությունը նվազեցնելու, ներգաղթային հատուկ վիզաների համար դիմողներին տարհանելու եւ Աֆղանստանում անվտանգության իրավիճակի զարգացումները վերլուծելու հարցերը»,- ասել է պաշտոնյաներից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին, Բայդենի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, ինչպես նաեւ պետության ղեկավարի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Էլիզաբեթ Շերվուդ-Ռենդալը։