Մեկ տարում ՀՀ բանկերի տրամադրած վարկերի ծավալը նվազել է 3․3%-ով (գրաֆիկներ)
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի մայիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 4 տրլն 13 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 3.3% - ով (2020թ.՝ 4 տրլն 150 մլրդ դրամ), իսկ 2021թ․ մարտի համեմատ նվազել է 1.9% - ով (2021թ. մարտ՝ 4 տրլն 90 մլրդ դրամ) ։ Եթե հաջորդող ամիսներին ևս անկումը շարունակվի, ապա կարելի է եզրակացնել, որ վարկավորումը դարձել է խնդրահարույց ինչպես բանկերի, այնպես էլ քաղաքացիների համար։
Ի դեպ, վերջին 12 տարիներին ՀՀ առևտրային բանկերից քաղաքացիներին տրվող վարկերի ծավալը հնգապատկվել է, մասնավորապես, եթե 2009 թվականի վերջի դրությամբ բանկերի վարկային պորտֆելը կազմել է 806 մլրդ դրամ, ապա արդեն 2017 թվականին վերջինս աճել է 30.1% - ով՝ կազմելով 2 տրլն 677 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին՝ գրեթե 4 անգամ՝ կազմելով 3 տրլն 631 մլրդ դրամ։
Ինչ վերաբերում է վարկային տոկոսադրույքներին, ապա 2017-2021 թվականներին դրանք ցուցաբերել են նախնական շրջանում նվազման, ապա կայունացման միտում, ինչը հիմնականում պայմանավորված է բանկային համակարգում դրսևորվող մրցակցությամբ։
Այս ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերից սպասարկվող հաճախորդների թիվը ևս դրսևորել է աճման միտում, մասնավորապես՝ 2017 թվականի համեմատ 2021 թվականին աճը կազմել է 25.6%:
Տնտեսվարման արդի պայմաններում ՀՀ համար կարևորագույն հիմնախնդիրներից են մրցունակ տնտեսության ձևավորումը, ներդրումային ակտիվության բարձրացումը, քաղաքացիների բարեկեցության աճը, ինչպես նաև ֆինանսական և բանկային ոլորտում իրավիճակի կայունությունը։