ԱՄՆ-ն սկսել է լրացուցիչ զորքեր ուղարկել Քաբուլ
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ ամերիկացի զինվորականների լրացուցիչ զորակազմի հիմնական մասի տեղափոխումն Աֆղանստան պետք է ավարտվի շաբաթվա վերջին:
Խոսքը Քաբուլի օդանավակայանում երեք գումարտակների (երեք հազար զինծառայողների) ժամանակավոր տեղակայման մասին է՝ ամերիկացի դիվանագետներին եւ այլ քաղաքացիական մասնագետներին երկրից դուրս բերելու անվտանգությունն ապահովելու համար:
«Զորքերի տեղափոխումը, որի մասին մենք հայտարարել ենք նախօրեին, տեղի է ունենում հենց հիմա։ Ծովային հետեւակի գումարտակներից մեկի մի մասը արդեն Քաբուլում է, մնացած ուժերը կժամանեն հաջորդ մի քանի օրվա ընթացքում: Ես ենթադրում եմ, որ հանգստյան օրերի ավարտին այդ երեք հազարների հիմնական մասը, որոնց մասին մենք խոսել ենք երեկ, տեղում կլինեն»,- բացատրել Է Քիրբին։
Պենտագոնի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ թալիբների ուժերն այս պահին չեն սպառնում անմիջականորեն Աֆղանստանի մայրաքաղաքին, բայց փորձում են մեկուսացնել այն երկրի մնացած հատվածից: Նա հավելել է, որ Վաշինգտոնում «մեծ անհանգստությամբ» հետեւում են «Թալիբանի» ջոկատների արագ առաջխաղացմանը: