Lufthansa-ն բացեց իր նոր երթուղին Երեւանից դեպի Ֆրանկֆուրտ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
Lufthansa-ն այսօր՝ օգոստոսի 13-ին, բացեց Երեւանը՝ որպես իր նոր ուղղություն Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը:
«Lufthansa-ն շաբաթական երեք թռիչք կիրականացնի
Ֆրանկֆուրտի իր հանգույց՝ առաջարկելով ավելի քան 150 տարանցիկ ուղղություն
Lufthansa խմբի չորս ավիաընկերություն շաբաթական 16 անգամ մեկնում է Երեւանից
Ուրբաթ օրը վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 03:25-ին, Lufthansa-ն երկար տարիներ անց նորից վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ավիաընկերությունը հպարտությամբ բացեց իր նոր ուղղությունը՝ Ֆրանկֆուրտից դեպի մայրաքաղաք Երեւան: Օդանավը դիմավորեցին ավանդական ջրային կամարով եւ ղեկավար կազմով: Այս նոր կանոնավոր ուղիղ թռիչքը կիրականացվի ամեն կիրակի, երեքշաբթի եւ հինգշաբթի երեկոյան Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից, եւ վայրէջք կկատարի Երեւանում գիշերը՝ լուսաբացին: Երեւանից Ֆրանկֆուրտ հետադարձն առաջարկվում է երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին՝ ապահովելով ժամանումը Ֆրանկֆուրտ առավոտյան ժամը 06:50-ին:
Սա Հայաստանից մեկնող բոլոր ուղեւորներին ընձեռում է ամեն հնարավորություն` հեշտությամբ շարունակեու ճանապարհն այլ ուղղություններով՝ հատկապես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ:
Գերմանական ավիափոխադրողը Հայաստանում սկսում է այս նոր կանոնավոր չվերթերը՝ դուստր ընկերության՝ Eurowings-ի Քյոլն նոր երթուղու մեկնարկից մեկ շաբաթ անց: Այն շահագործում է 138 նստատեղ ունեցող Airbus A319-ը՝ ուղեւորներին ընձեռելով չորս ժամվա ընթացքում ամբողջ աշխարհից դեպի Հայաստան եւ Հայաստանից ճամփորդելու հնարավորություն: Դեպի Ֆրանկֆուրտ այս նոր երթուղին, որն անցնում է 2999 կմ կամ 1615մղոն ճանապարհ, հայերի համար կարեւոր ուղղություն կլինի՝ այցելելու եւ հանդիպելու ամբողջ աշխարհում իրենց համայնքներին ու ընտանիքներին: Շատ եվրոպական տուրիստական ուղղություններ, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Ավստրիան եւ Իսպանիան, գրավում են հայ զբոսաշրջիկներին: Ավելին, տրանսատլանտյան ուղղությունների մեծ մասը, հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում, հասանելի կլինեն կրթական, բժշկական կամ բիզնես նպատակների համար:
Երեւանն այժմ միակ ուղղությունն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում, որտեղ Lufthansa խումբն առաջարկում է շաբաթական 16 չվերթ՝ չորս տարբեր ավիաընկերություններով.
▪Ավստրիական ավիաուղիներ, որն ամենօրյա չվերթեր է իրականացնում դեպի Վիեննա դեռեւս 2001 թվականից,
▪Բրյուսելյան ավիաուղիները, որը դեպի եվրոպական մայրաքաղաք Բրյուսել չվերթեր է իրականացնում շաբաթական հինգ անգամ,
▪Eurowings-ը (շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ) եւ Lufthansa-ն (շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ), որոնք իրենց նոր երթուղիները բացեցին հենց այս օգոստոսին:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, շնորհավորելով ավիաընկերությանը, նշել է. «Այսօր աշխարհի ամենահեղինակավոր եւ վստահելի ավիաընկերություններից մեկը սկսեց թռչել Հայաստան: Վստահ եմ, որ բոլորը շատ ուրախ են նոր ավիաընկերության մուտքի եւ նոր ուղղությունների համար: Lufthansa- ի ներկայությունը, անշուշտ, կխրախուսի նոր զբոսաշրջիկների՝ մեր երկիր այցելելուն, եւ Հայաստանի տնտեսությունը դրանից կշահի»:
«Մենք շատ ոգեւորված եւ հպարտ ենք, որ Lufthansa ավիաուղիներն այսօր բացում է իր նոր երթուղին Երեւանից Ֆրանկֆուրտ»,-ժապավենի կտրման արարողությանը նշել է Lufthansa խմբի Արեւելյան Եվրոպայի Վաճառքի գծով գլխավոր տնօրեն Պիտեր Փուլլեմը:
«Այս նոր ուղղությունը դեպի մեր ամենամեծ հանգույց հիանալի նորություն է ամբողջ աշխարհի հայության համար, քանի որ այն կարող է համախմբել ընտանիքներին, ընկերներին եւ հայ համայնքին: Ավելին, մենք հավատում ենք, որ այս հնագույն քաղաքն ապագայում ավելի շատ այցելուներ կունենա, քանի որ մենք գիտակցում ենք մեր կարեւոր դերը տեղական զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում: Շաբաթական 16 թռիչք դեպի չորս տարբեր հանգույցներ. սա լիովին ճկուն եւ հարմարավետ ճանապարհորդական տարբերակ է», նշել է Պիտեր Փուլլեմը»,- նշվում է օդանավակայանի հաղորդագրությունում։