Թուրքիայում հրդեհները լուսաբանող մի շարք հեռուստաալիքներ տուգանվել են
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (ԹՌՀԲԽ) քննարկել է այն հեռուստաալիքների դեմ պատժամիջոցների հարցը, որոնք խախտել են հրդեհների հեռարձակման արգելքը, հաղորդում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:
Մասնավորապես, Fox TV-ն տուգանել են միայն այն բանի համար, որ հեռուստաընկերության հաղորդավարը ուղիղ եթերում ասել է. «Կրակի ալիքներն այնքան արագ են մոտենում, ասես դժոխք լինի»:
Տուգանքներ են կիրառվել նաև այն հեռուստաալիքների վրա, որոնք լուսաբանում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Քեմալ Քիլիչդարօղլուի և այլ քաղաքական գործիչների հայտարարություններն ու մեկնաբանությունները հրդեհների լուսաբանման արգելքի վերաբերյալ: Փաստորեն, լրատվամիջոցների նկատմամբ գրաքննությունը տարածվել է նաև քաղաքական գործիչների վրա:
Ի պատասխան՝ թուրքական «Լավ» կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Այթուն Չիրայը դատական հայց է ներկայացրել ԹՌՀԲԽ-ի տնօրեն Էբուբեքիր Շայնի դեմ՝ նրան մեղադրելով «մամուլի ազատության և տեղեկատվության իրավունքի սահմանափակման, շանտաժի և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ»: