Հակոբ Սերոբյանն առաջարկում է Արթուր Դավթյանի անունով մարզադպրոց կառուցել Երեւանում
Հակոբ Սերոբյանն առաջարկում է Արթուր Դավթյանի անունով մարզադպրոց կառուցել Երեւանում: Այդ մասին սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:
Օգոստոսի 12-ին հավաքականի գլխավոր մարզիչն ու Տոկիո-2020-ի սպորտային մարմնամարզության մրցաշարի հենացատկի վարժության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն ամփոփել են Ճապոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: 41 տարի անց Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանը նվաճել էր օլիմպիական մեդալ:
«Շատ գոհ եմ արդյունքից: Կարող էր ավելին լինել, Արթուրը կարող էր ոսկե մեդալ նվաճել: Շատ մոտ էինք: Բայց բրոնզե մեդալն էլ իսկապես մեր պայմաններում ոսկու արժեք ունի: Բոլորն էլ գիտեն մեր պայմանները:
Օլիմպիական խաղերում մրցավարական հանձնաժողովում էի: Շատ հետաքրքիր ու լարված անցավ: Այդ օրերին ես ոչ մի անգամ Արթուրի հետ անձամբ կապի դուրս չեկա: Մարզիչ Հայկ Նազարյանի միջոցով էինք շփվում: Ասում էի՝ միայն բարեւի նրան: Չէի ուզում, որ իմ լարվածությունը փոխանցվի Արթուրին: Որակավորման փուլից հետո ավելի մեծ լարվածություն կար, քանի որ նույնիսկ մեկ տասնորդական միավորը կարող էր մեզ զրկել մեդալից: Ամեն ինչ վստահել էի Հայկ Նազարյանին: Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, քանի որ իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարեց: Ես Արթուրին վստահել էի նրան եւ նրանք երկուսով հրաշալի աշխատեցին Տոկիոյում:
Ի դեպ, որակավորման փուլում անակնկալ էր ինձ համար երկրի նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությունը դահլիճում: Շատ ոգեւորիչ էր, որ երկրիդ նախագահը եկել է հետեւելու որակավորման փուլին: Նույնիսկ մրցավարական հանձնաժողովի անդամներն էին զարմացել: Մեզ նրա ներկայությունն էլ շատ ոգեւորեց, գոտեպնդեց:
Իմ՝ հավաքականի գլխավոր մարզիչ լինելու տարիներից մենք փոքր քայլերով սկսել ենք մեծ արդյունքներ նվաճել: Մեդալներ ունեցանք բոլոր խոշոր մրցաշարերից, չունեինք միայն Օլիմպիական խաղերից: Հավատում էի, որ մի օր դա էլ ենք ունենալու, քանի որ իմ տղաները լավն են եւ չնայած շատ խնդիրների, պայմանների բացակայության, մենք միասին մեկ ընտանիքի պես կարողանում ենք անել անհնարինը:
Չենք բողոքում, չենք լացում: Ունենք այն, ինչ ունենք, բայց արդեն սառույցը կոտրված է եւ պետք է եկող սերնդի համար լավ պայմաններ ստեղծենք այս արդյունքները շարունակելու համար: Մեր խնդիրը դահլիճային պայմաններն են: Արդեն անհնար է մեր դահլիճում մարզվել: Ցանկանում եմ, որ գոնե ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան մեկ դահլիճ:
Երեք տարի առաջ մեզ ասացին, որ կկառուցեն նոր դահլիճ, քանի որ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցը սեյսմիկ է, բայց շարժ չկա: Մեզ չեն մերժել: Խոստացել են, հավատացել ենք, բայց շարժ չկա: Քանի որ այս երկար դադարից հետո առաջին օլիմպիական մեդալն Արթուրը նվաճեց, առաջարկում եմ կառուցել մի մարզադպրոց եւ այն անվանակոչել Արթուր Դավթյանի անունով: Թող իր անունով մարզադպրոց ունենա: Մարմնամարզությամբ զբաղվող երեխաների համար ավելի ոգեւորիչ կլինի Արթուրի անվան դպրոցում մարզվելը»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարեց, որ Արթուր Դավթյանը կնախապատրաստվի Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին:
«Վստահ եմ՝ հաջորդ Օլիմպիական խաղերում Արթուրը կլինի օլիմպիական ոսկու լուրջ հավակնորդ: Նրանից բացի, կլինեն այլ մարզիկներ, բայց դեռ անուններ չեմ տա: Երկու ամսից աշխարհի առաջնությունն է, որն Արթուրը բաց կթողնի, որովհետեւ այս տարի արդեն լրացրել է իր արդյունքները եւ պետք է վերականգնվի, բուժի վնասվածքները: Արդեն 2022 թվականից կնախապատրաստվենք Փարիզ-2024-ին:
Շատ կուզեի, որ մենք էլ թիմային պայքարի հնարավորություն ունենանք: Այստեղ էլ խնդիրը պայմանների բացակայությունն է: Եթե ունենանք լավ պայմաններ, զարգացնենք նաեւ մյուս գործիքները եւ կարող ենք նաեւ Օլիմպիական խաղերին թիմային պայքարում լինել: Երիտասարդների մեջ ունենք շատ լավ տղաներ, որոնք ունեն լավ հնարավորություններ: Մեր մարզաձեւում լուրջ վնասվածքներ ստանալու հավանականություն շատ մեծ է, այդ պատճառով ես դեռ ռիսկի չեմ գնում: Իմ տղաներն ինձ առողջ են պետք, եւ ոսկե մեդալի համար նրանց կյանքը վտանգի տակ չեմ դնի»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:
Աղբյուրը՝ News.am Sport