Սերխիո Ռամոսը Մեսիին առաջարկել է հանգրվանել իր տանը
Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը թիմի մեկ այլ նորեկ Լիոնել Մեսիին առաջարկել է ապրել իր տանը: Արգենտինացի հարձակվողը Փարիզ է ժամանել իր կին Անտոնելա Ռոկուցոյի և 3 որդիների հետ:
«Եթե դու և ընտանիքդ նախընտրում եք ապրել առանձնատանն, այլ ոչ՝ հյուրանոցում, ապա կարող եք հանգրվանել ինձ մոտ»,- ասել է Ռամոսը, փոխանցում է AS-ը:
Նշվում է նաև, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը շատ է հարգում Մեսիին և նրան կպաշտպանի խաղադաշտում:
Այժմ ՊՍԺ-ն տուն է փնտրում Մեսիի ընտանիքի համար, ինչպես նաև դպրոց՝ նրա որդիների համար:
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողն օգոստոսի 10-ին փարիզյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հուլիսի 1-ին, ինչից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս: