Տուխելը պատմել է, թե ինչու է 11 մետրանոցներից առաջ փոխել դարպասապահին
Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակը:
«Ծանր էր: Մենք շատ վստահ անցկացրինք մեկնարկային 30 րոպեները, սակայն մեր գոլից հետո նվազեցրինք խաղի տեմպը: Պատասխան գոլն արդարացի էր: Խաղադաշտում ներդրեցինք բոլոր ուժերը և հասաք արժանի հաղթանակի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Թոմաս Տուխելը նաև պատմել է, թե ինչու է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարից առաջ կատարել դարպասապահների փոփոխություն՝ Էդուար Մենդիի փոխարեն դաշտ դուրս բերելով Կեպա Արիսաբալագային: Լրացուցիչ ժամանակի վերջնամասում փոխարինման դուրս եկած իսպանացի դարպասապահը հետ էր մղել 11 մետրանոց 2 հարված:
«Դա հապճեպ որոշում չէր: Մենք այդ թեմայով զրուցել ենք դարպասապահների հետ: Լավ պատրաստ էինք այդպիսի իրավիճակի: Ունեինք վիճակագրական տվյալներ, որ Կեպան ավելի հաջող է գործում 11 մետրանոցների ժամանակ: Մենդին նորմալ ընդունեց այդ որոշումը»,- ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի «Վինձոր Պարկ» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Չելսին» հաղթել էր հետխաղային 11 մետրանոցներով՝ 6։5։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։
Լուսանկարը և գրառումը՝ այստեղ: