«Ես լեգենդ եմ» ֆիլմի հեղինակներից մեկն ասել է, որ պատվաստանյութերը մարդկանց զոմբի չեն դարձնի
«Ես լեգենդ եմ» գիտաֆանտաստիկ ֆիլմի հեղինակներից մեկը հավաստիացրել է, որ պատվաստանյութերը մարդկանց զոմբիների չեն վերածի, տեղեկացնում է BBC-ն։
2007թ. ֆիլմը, գլխավոր դերում՝ Ուիլ Սմիթ, պատմում է կարմրուկը քաղցկեղի բուժման համար գենետիկորեն մոդիֆիկացնելու անհաջող փորձի մասին, ինչի հետեւանքով մահանում է աշխարհի բնակչության 99 տոկոսը։ Նրանք, ովքեր ողջ են մնում վարակվելուց հետո, վերածվում են զոմբիների։
Պնդումները, թե նման մի բան կպատահի մարդկանց հետ, ովքեր պատվաստվել են քովիդի դեմ, շրջանառվում էին սոցցանցերում։
New York Times-ը տեղեկացրել է, որ Բրոնքսում (Նյու Յորքի նահանգ) ակնոցների խանութպանը ամբողջ ուժով փորձում էր համոզել իր որոշ աշխատակիցների պատվաստվել քովիդի դեմ, ընդ որում՝ նրանցից մեկը հիշատակում է «Ես լեգենդ եմ»-ի սյուժեն՝ որպես անհանգստության առիթ։
Պատասխանելով հոդվածին՝ 59-ամյա Ակիվա Գոլդսմանը՝ 1954թ. համանուն վեպի համահեղինակը, Թվիթերում գրել է. «Օ, Աստված իմ, դա ֆիլմ է, այդ ես եմ հորինել, դա իրական չէ»։
Անհիմն մեղադրանքները եւ մեմերը, որոնցում ֆիլմը հիշատակվում է որպես քովիդի դեմ չպատվաստվելու պատրվակ, հայտնվում էին սոցցանցերի պլատֆորմներում մի քանի ամսվա ընթացքում, իսկ դրանց մի մասը նշվել է Ֆեյսբուքում որպես ապատեղեկատվություն պարունակող։
Մի մեմ հավաստիացնում է, որ ֆիլմում պատվաստումը ստիպում է մարդկանց վերածվել զոմբիների՝ աղավաղելով ինչպես ֆիլմի սյուժեն, այնպես էլ նրա բովանդակությունը։
Մեկ այլ մեմ հավաստիացնում է, որ ֆիլմի գործողությունը տեղի է ունենում 2021թ., չնայած իրականում սյուժեն ընթանում է 2012թ.։
«Ես լեգենդ եմ»-ը միակ ֆիլմը չէ, որն օգտագործում են ակտիվիստները քովիդի եւ պատվաստանյութերի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։ Այլ ֆիլմեր, ինչպիսին են «Մարդկային զավակը» եւ «Մատրիցան», նույնպես հայտնվել են նման մեմերում եւ գրառումներում։