Աշոտ Վարդապետյանը՝ Եվրոպայի անհատական առաջնության գլխավոր մրցավար
Հայաստանի յոթ շախմատիստուհիներ են մասնակցում Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող Եվրոպայի անհատական առաջնությանը: Նրանք աշխարհամասի 29 երկրների 117 մրցակցուհիների հետ պայքարում են խաղարկվող մեդալների համար:
Խաղատախտակների շուրջ են նստում բազմաթիվ հեղինակություններ. 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը:
Առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: Մրցաշարը կավարտվի օգոստոսի 21 –ին: