Կատարը հարաբերությունների կարգավորման շրջանակում դեսպան է նշանակել Սաուդյան Արաբիայում
Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանին դեսպան է նշանակել Սաուդյան Արաբիայում, որի հետ հարաբերությունները 2017 հունիսից սառեցված վիճակում էին: Նշանակումը տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակում:
Կատարի ազգային գործակալության փոխանցմամբ, Սաուդյան Արաբիայում դեսպան է նշանակվել Բանդար Մուհամեդ Աբդալլա ալ-Աթիյան, ով նախկինում ղեկավարել է Քուվեյթում այդ երկրի դեսպանատան աշխատանքները:
2017 թվականի ամռանը Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ մեղադրելով Դոհային ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին խառնվելու մեջ: Դրան հաջորդեցին տնտեսական պատժամիջոցներն ու տրանսպորտային շրջափակումը: Այդ երկրները, մասնավորապես, փակեցին իրենց օդային տարածքը կատարական ավիացիայի համար: Կատարում նման քայլերը չհիմնավորված որակեցին:
Իրավիճակը հարթվեց միայն 2021 թվականի հունվարին, երբ ստորագրվեց համաձայնագիր Կատարի հետ տարաձայնությունների հաղթահարման վերաբերյալ: Մայիսին Կատարի էմիրն այցելել էր Սաուդյան Արաբիա: