Ասուլիսից հետո Մեսին առաջին անգամ հանդիպել է ՊՍԺ-ի ֆանատներին
Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում տեղի է ունեցել ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Լիոնել Մեսիի շնորհանդեսն ու ասուլիսը: Արարողությունից հետո արգենտինացի հարձակվողը ՊԱԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի ուղեկցությամբ հանդիպել է ֆրանսիական ակումբի երկրպագուների հետ:
Մեսին ողջունել է ստադիոնի մոտ հավաքված երկրպագուներին և նրանց ուղղությամբ նետել իր մարզաշապիկը:
Արգենտինացի հարձակվողն օգոստոսի 10-ին փարիզյան ակումբում բուժզննում անցնելուց հետո կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: ՊՍԺ-ում 34-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 30 համարի մարզաշապիկով, որով 2005-ին նորամուտն էր նշել կատալոնական «Բարսելոնայում»: Ոչ պաշտոնական տվյալներով, Մեսիի տարեկան աշխատավարձը կկազմի 35 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հուլիսի 1-ին, ինչից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Իսպանական Լա Լիգայում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով կատալոնական ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, թեև կողմերը փոխհամաձայնության էին եկել:
Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս:
Մեսին Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։