Սերգեյ Շոյգու. Ռուսաստանը պատրաստ է նպաստել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը
Ռուսական ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ողջունելով Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Մենք կարեւորում ենք մեր համագործակցության զարգացումը ռազմական ոլորտում՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Ընդ որում, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ գործ չէ, բայց կարծում եմ, որ ձեր փորձով դա հաղաթահարելի կլինի»,- ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ հանրապետության տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է եւ անվտանգության երաշխավոր է հանդիսանում: «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, եւ մենք չափազանց շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ»,- հավելել է նախարարը:
Շոյգուն շնորհավորել է Կարապետյանին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ այն տեղի է ունեցել «դժվար ժամանակաշրջանում, երբ երկրի պաշտպանական ոլորտը բարեփոխելու դժվարին խնդիրներ կան»:
Կարապետյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնմանը, զորքերի հագեցմանն եւ պատրաստմանն օգնելու պատրաստակամության համար:
Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարում է հենց Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: «Ռուսաստանը միակ պետությունն է, որը հայ ժողովրդի համար անվտանգության իսկապես շոշափելի արտադրանք է տալիս եւ այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ՝ անմիջականորեն Հայաստանի սահմաններին,- ասել է Կարապետյանը:- Մենք պատրաստ ենք շատ սերտ եւ արդյունավետ համագործակցության»: