Բայդենի վարչակազմը փորձում է արգելակել Չինաստանի՝ Մերձավոր Արեւելքում ռազմակայան ստեղծելու փորձերը
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է արգելակել Չինաստանի՝ Մերձավոր Արեւելքում ռազմակայան ստեղծելու փորձերը՝ տարածաշրջանային տերություններին նախազգուշացնելով, որ Պեկինի հետ նման գործընկերությունը սպառնալիքի տակ կդնի իրենց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում, գրում է Washington Examiner-ը։
«Կան Չինաստանի հետ համագործակցության որոշակի կարգեր, որոնց հետ մենք չենք կարող հաշտվել»,- Սենատի միջազգային հարաբերությունների ենթակոմիտեին ասել է պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնականի տեղակալ Միրա Ռեզնիկը։ «Եվ մենք դա հստակ հասկացրինք»։
«Ընթացիկ գնահատականն այնպիսին է, որ Չինաստանը ամենուրեք ռազմական օբյեկտներ ստեղծելու գլոբալ ռազմավարություն ունի, այդ թվում Մերձավոր Արեւելքում»,- նշել է պաշտպանության նախարարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնականի տեղակալ Դանա Սթրոուլը։ «Այսպիսով, ցանկացած երկրում, որի հետ մենք խոր գործընկերային հարաբերություններ ունենք, մենք խոսում ենք ԱՄՆ պաշտպանական տեխնոլոգիաների եւ ԱՄՆ զինված ուժերի համար ռիսկերի մասին, եթե այդտեղ հայտնվեն չինական ռազմական օբյեկտներ»։
Բայդենի վարչակազմն ուսումնասիրում է Արաբական Միացյալ Էմիրություններին առաջավոր F-35 անտեսանելի կործանիչների վաճառքի համաձայնությունները։ Սենատոր Թոդ Յանգը հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում Պենտագոնի բանակցությունները ԱՄԷ-ի հետ։
«Մենք հասկանում ենք, որ կլինեն տնտեսական կամ առեւտրային հարաբերություններ Չինաստանի հետ, ինչպես եւ Միացյալ Նահանգների դեպքում, բայց կան գործունեության կամ փոխգործակցության որոշակի կարգեր, որոնք մեր գործընկերները կարող են դիտարկել Չինաստանի հետ եւ որոնք, եթե նրանք դա անեն, վտանգ կներկայացնեն ԱՄՆ-ի համար։ Խոսքը պաշտպանական տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիաների այլ տեսակների մասին է։ Ուժերի պաշտպանությունը բարձրագույն գերակայություն է ԱՄՆ-ի համար։ Մենք շարունակում ենք խորհրդակցությունները, դրանք չեն վերաբերում F-35-ին, բայց, անշուշտ, դրանց մասն են»։
Այս գործարքը անհանգստացրել է Կապիտոլիումի բլրի երկու կուսակցություններին, բայց նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել գործարքին ԱՄԷ-ի հետ համաձայնագրից հետո՝ Իսրայելի հետ նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
Սթրոուլն ընդգծել է, որ Չինաստանի առաջարկությունները սպառազինության մասին ունեն քաղաքական թերություններ, ի տարբերություն ամերիկյան համագործակցության։