Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկացնել սեփական բնակչությանը եւ համաշխարհային հանրությանը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հարցում։ Այդ նպատակով Ադրբեջանական Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ էապես աղավաղելով իրական վիճակը, անցնելով անձնական վիրավորանքների եւ սպառնալիքների հնչեցման։
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված հայտարարությունում ԱՀ պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է «եռակողմ հայտարարության կոպիտ խախտման, իր զինված ուժերի զորակազմը Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, նետելու, Մուխթարքենդ, Շուշաքենդ բնակավայրերի մոտ, ինչպես նաեւ արեւելյան ուղղությամբ տարածքներում՝ Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վարչական սահմանների շրջանակում նոր անցակետեր հիմնելու մեջ»։
«Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի՝ հայկական բանակի կողմից ուժ կիրառելու մասին անպատասխանատու եւ սադրիչ հրամանի ֆոնին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես հանդես էր գալիս սադրիչ ռազմական դոկտրինով՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» անվանումով։ Դրա խայտառակ ճակատագիրը հայտնի է բոլորին։ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի բոլոր համարժեք միջոցները։ Ռազմական գերատեսչության հայտարարությունում ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, պետք է վերջ դնի Հայաստանի զինված ուժերի տեղակայմանը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Փաստորեն, իրավիճակին անծանոթների համար ադրբեջանական նախարարությունը ինքնատիպ վինեգրետ է պատրաստել՝ մի ամբողջի մեջ խառնելով հիշատակումները Հայաստանի տարածքների եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների մասին։ Ադրբեջանի նախարարությունը հերթական անգամ փորձել է հայկական կողմի պատասխանը Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժմանը մատուցել որպես «սադրանք»։ Միաժամանակ Ադրբեջանը ոչ առաջին անգամ դիմում է ռուսական կողմին շանտաժի ենթարկելուն։
ԱՀ պաշտպանության նախարարության հայտարարությանը նախորդել էր բացահայտ սադրանքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ ղարաբաղյան դիրքերի գնդակոծումը օգոստոսի 9-ին եւ մարտական դրոնների օգտագործումը օգոստոսի 11-ի առավոտյան։